«Հանցանքն ու չարիքը վարակիչ են՝ 100 տարի առաջ իրագործած լինեն, թե 12…». պոլսահայ լրագրողի անդրադարձը Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ

14:55 • 19.01.19

Պոլսահայ մտավորական Լևոն Բաղըշը Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ վերհիշել է Դինքի սպանության օրվանից մինչ օրս ստամբուլահայ համայնքի վերապրածը՝ զարմանքը, հիասթափությունը, պահանջատիրությունը, վախվորածությունը:

Ըստ Բաղըշի՝ համայնքն ու Դինքի գաղափարակիցները պետք է շարունակեն պահանջել արդար դատավարություն, այլապես հանցանքն ու չարիքն է՛լ ավելի շատ մարդու կվարակեն:

Լևոն Բաղըշի՝ Հրանտ Դինքին նվիրված գրառումը, որը տեղ է գտել նրա ֆեյսբուքյան էջում, ներկայացնում ենք ստորև՝ առանց կրճատումների.


«Ընկերներիս հետ բազմիցս զրույցներ ենք ունեցել այն մասին, թե «Իսկ դու ի՞նչ էիր անում, երբ առաջին անգամ լսեցիր, որ սպանվել է»… Հետո գալիս է «Իսկ ի՞նչ զգացիր» հարցը: Իմ շրջապատում բոլորն ու ես էլ այդ թվում նույն զգացումով էինք լցված. զարմացել էինք:

Որովհետև մեր մայրերն իրար մեջ խոսում էին, հեռուստացույցով նրան ամեն տեսնելիս ասում էին «Այս մարդու գլխին մի բան գալու է»: Իսկ մենք հավանական չէինք համարում, ասում էինք՝ «Ժամանակները փոխվել են, նման բան չի լինի»: Ասում էինք՝ «Մեր ապրած դժոխքը դրախտի վերածենք» ասող մարդուն վատություն չեն անի:

Սակայն մայրիկները, ինչպես միշտ, իրավացի էին:

Զարմանքի առաջին պահերին հաջորդած կարճ ժամանակահատվածում բոլորիս ներսում ոչ թե վախ կամ ուրիշ ինչ-որ բան էր, այլ «սև» բարկություն ծնվեց:

Սկզբում փորձեցինք մտածել, որ այդ ամենը կարող էր պատահել աշխարհի ցանկացած վայրում: Մի խելագար սպանել էր Ջոն Լենոնին, այն էլ՝ հայտնի դառնալու համար: Սա էլ կարող էր մի խելագար արած լինել: Հետո մեզ ցավեցրած ուրիշ բաներ էլ տեսանք: Դրոշի դիմաց մարդասպանի հետ նկարվող ոստիկաններ, Անկարայի դատարանների սև միջանցքներում կորած դատական գործ, սպանության հետ կապ ունեցող բոլոր պետական պաշտոնյաների դիրքի բարձրացում ու էլի շատ բաներ:

Անգամ այդ օրը (նկատի ունի Դինքի սպանության օրը) չվախեցածները, վերջին շրջանում տեղի ունեցածն ու երկրի վիճակը տեսնելով, երևի, մեղմ ասած, աղավնու պես վախվորած են:

Հենց դրա համար պետք է պահանջենք արդարություն: Պետք է ուղղակի արդարություն պահանջենք՝ չնայելով շահերի առևտրին կամ խրթին վիճակին, որի մեջ գտնվում ենք: Որովհետև մենք գիտենք, որ եթե չառերեսվենք հանցանքին ու չապահովենք արդարադատության իրագործումը, այդ հանցանքը կդառնա չարիք, որը կաղտոտի քո շրջապատում ամեն ինչ: Հանցանքն ու չարիքը վարակիչ են՝ 100 տարի առաջ իրագործած լինեն, թե 12…»: