Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. կան զոհեր ու անհետ կորածներ

05:51 • 19.01.19

Ուրբաթ երեկոյան Լիբիայի ափերից շուրջ 50 կմ հեռավորության վրա՝ Սիցիլիական նեղուցում, առնվազն 20 փախստական տեղափոխող լաստանավ է խորտակվել, հաղորդում է ANSA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ փրկարարական աշխատանքներին մասնակցել են ինչպես լիբիական առափնյա պաշտպանության ծառայությունը, այնպես էլ Իտալիայի ոազմածովային ուժերը:

Ծովում հայտնաբերվել է ներգաղթյալներից երեքի դիերը, ևս երեքին հաջողվել է փրկել: Մյուս ներգաղթյալների որոնողական աշխատանքները շարունակվում են:

«Նոր մահեր Լիբիայի ափերի մոտ: Քանի դեռ եվրոպական նավահանգիստները բաց են մնում, քանի դեռ որևէ մեկը շարունակում է օգնել մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվողներին, նրանք շարունակելու են իրենց բիզնեսով զբաղվել և սպանել», - գրել է իր թվիթերյան էջում Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, որի հրամանով ծովում փրկված ներգաղթյալներով նավերի մուտքն իտալական նավահանգիստներ արելված է:

Իտալիայի ներկայիս իշխանությունների նման կոշտ քաղաքականության շնորհիվ 2019 թվականին նկատվում է ներգաղթյալների հոսքի կտրուկ նվազում: Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշի՝ այս մի քանի օրվա ընթացքում ներգաղթյալների թիվը նվազել է ավելի քան 90%-ով: