Սաուդյան Արաբիայում կանայք իրավունք են ստացել որոշելու, թե ինչպես ծննդաբերել

14:11 • 19.01.19

Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կկարողանան առանց իրենց խնամակալ տղամարդու թույլտվության որոշել կեսարյան հատմամբ, թե բնական ճանապարհով ծննդաբերելու միջոցը, այս մասին գրում է The National պարբերականը:

Այսպիսով՝ սաուդցի կանայք անձամբ կընտրեն, թե ինչպես ծննդաբերել, և այդ հարցում կարիք չեն ունենա ունենալ խնամակալ տղամարդկանց՝ ամուսինների, եղբայրների կամ հայրերի թույլտվությունը:

Բացի այդ, երեխայի սեռը կամ նրա ծնվելու ժամկետների վերաբերյալ տեղեկությունը ստանալու համար կանայք այլևս չեն ունենա այդ նույն խնամակալների ստորագրության կարիքը: Կանայք նաև իրավունք կունենան ինքնուրույն որոշելու՝ ցանկանում են արդյոք, որ նրանց հարազատներից մեկը կամ որևէ մտերիմ անձ ներկա գտնվի ծննդաբերությանը:

Սաուդյան Արաբիայում սկսված բարեփոխումների շրջանակում անցյալ տարի սաուդցի կանայք վաստակել են մեքենա վարելու և ֆուտբոլային հանդիպումներ այցելելու իրավունք: