Սերբիայի մի շարք քաղաքներում կրկին հակակառավարական ցույցեր են անցկացվել
Սերբիայի մի շարք քաղաքներում շաբաթ տեղի են ունեցել հակակառավարական բողոքի ցույցեր: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ամենամասշտաբային ակցիան տեղի է ունեցել մայրաքաղաք Բելգրադում: Ցուցարաները պահանջել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը:
Բողոքի ակցիան, ավանդույթի համաձայն, մեկնարկել է Բելգրադի պետական համալսարանի շենքից: Ցուցարաները երթով և «Մենք ժողովրդի հետ ենք» և «Արթնացիր, Սերբիա» վանկարկումներով անցել են քաղաքի փողոցներով՝ խոչընդոտելով երթևեկությունը: Ոստիկանությունը պարբերաբար փակելով հիմնական փողոցները՝ ապահովել է ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժը:
Այս ակցիան յոթերորդն է` վերջին երկու ամսվա ընթացքում: Քաղաքացիներն իշխանությանը մեղադրում են երկրում բռնության մթնոլորտ ստեղծելու մեջ և պահանջում բացահայտել մեկ տարի առաջ Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը և պատասխանատվության ենթարկել ընդդիմադիր գործիչ Բորկո Ստեֆանովիչին դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղավորներին:










