ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 միլիոն դրամ, իսկ բազային 401 աշխատողների կեսը կդառնան գործազուրկ. Արամ Սիմոնյանը խնդրեց ամեն ինչ անել, որ Ֆիննախի առաջարկը կյանքի չկոչվի

13:50 • 22.01.19

ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունից հետ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց հաշվետվություն և նշեց, որ ԵՊՀ ամբողջ գործունեությունը բխում է ռազմավարական ծրագրից:

Նա նախ շնորհավորեց Գևորգ Մուրադյանին հոգաբարձուների նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ` ի շահ համալսարանի, ի շահ այն նպատակների, որը դրել է իր առաջ համալսարանը»,-ասաց նա:

Արամ Սիմոնյանը, ներկայացնելով գիտահետազոտական ոլորտում ձեռքբերումները և հաջողությունները, անդրադարձավ նաև խնդիրներին և նշեց, որ եղել են նաև բացթողումներ: «Մասնավորապես, ԵՊՀ կողմից հատկացվող ֆինանսների սղության պատճառով շարունակում է ցածր մնալ գիտահետազոտական լաբորատորիաների վերազինման տեմպը»,-ասաց նա:

Արամ Սիմոնյանը նկատեց, որ գիտահետազոտական արդյունքները հիմնականում չեն վերածվում ներդրման պատրաստ տեխնոլոգիաների, գիտության ֆիանսավորման էլ ավելի պակասեցումը, մասնավորապես, աշխատավարձերի ցածր մակարդակը, վտանգի տակ է  դնում համալսարանը հեռանկարային երիտասարդ մասնագետով համալրելը, գիտական ծրագրերում ասպիրանտների և մագիստրոսների ընդգծվածությունը:

«Մեզ հասած տեղեկություններով` վերջերս կառավարությունը հաստատել է, կամ արդեն իսկ հաստատելու գործընթացում է բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու ֆինանսների նախարարության առաջարկությունը: Ես ուզում եմ ասել, որ նման առաջարկի` օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 միլիոն դրամ, իսկ մեր բազային ֆինանսավորման մեջ ընդգրկված 401 աշխատողներից առնվազն կեսը կդառնան գործազուրկ, որովհետև դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ-ն նախկին տեմպերով կկարողանա այդ մրցույթներում բազային ֆինանսավորման ոլորտում հաղթել մյուս մրցակիցներին»,-ասաց նա և նշեց, որ սա շատ ծանր հետևանք կարող է ունենալ գիտության զարգացման համար:

«Ես ուզում եմ հատուկ խնդրել` ամեն ինչ անել ֆինանսների նախարարության առաջարկած այդ նախագիծը կյանքի չկոչելու համար, հակառակ դեպքում հիմնադրամ բուհերը բոլորը իրենց գիտական պոտենցիալը դնում են վտանգի տակ, առանց այլն էլ գիտության աշխատողները շատ ցածր աշխատավարձ են ստանում, հիմա պատկերացրեք, որ շատերը դրանից էլ կզրկվեն: Ես խնդրում եմ այս հարցում լրջորեն օգնել հիմնադրամ դարձած բուհերին, այդ թվում` ԵՊՀ-ում»,-ասաց նա:

Արամ Սիմոնյանը նշեց, որ եթե մենք կրթության և  գիտության վրա գումար չծախսեցինք, մեր տնտեսությունը չի զարգանա: