Ամուլսարի համայնքների բնակիչների սոցիալական խնդիրը սրվել է, որովհետև վարկերի «տակ են մնացել». Գնդեվազի բնակիչը՝ Ամուլսարի ծրագրի կասեցման մասին

21:33 • 22.01.19

Գնդեվազի և Ամուլսարի մյուս համայնքների բնակիչների սոցիալական խնդիրը սրվել է ոչ միայն այն պատճառով, որ տեղի բնակիչները Ամուլսարի ճանապարհների շրջափակումից հետո կորցրել են աշխատանքը, այլև որովհետև վարկեր են վերցրել և պարտքերի տակ մնացել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Գնդեվազ համայնքի բնակիչ Վարդան Եղյանը:

Նա հաստատեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների տվյալները, ըստ որի՝ Ամուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են: 

Ըստ Վարդան Եղյանի՝ իր երկու տղաներն էլ «Լիդիան Արմենիա» ընկերությունում են աշխատել և հիմա 7-8 ամիս է՝ գործազուրկ են: «Եթե մարդիկ չեն աշխատում, աշխատավարձ չեն ստանում, ի՞նչ վիճակ պետք է լինի. վատ է վիճակը, երիտասարդների մի մասը գնացել է քաղաք, մյուսն էլ՝ արտագնա աշխատանքի: Մարդիկ այն ժամանակ աշխատելով վարկեր են վերցրել, չեն կարողանում փակել, դուրս են եկել, գնան, աշխատեն, որ տանեն փակեն»,- ասաց նա:

Համայնքի բնակիչը նշեց, որ կոնկրետ իրենց փողոցում, որում մի քանի տուն է ընդամենը, արդեն երեք երիտասարդ գնացել են Երևան: Իր տղաները դեռևս սպասում են, որ կրկին հնարավորություն կունենան աշխատել: «Չնայած աշխատանք են փնտրում, որ գտնելու դեպքում իրենք ևս գնան: Էսօր ես մենակ աշխատելով 10 շունչ եմ պահում, իրենց էլ, իրենց երեխեքին էլ, դե գործի տեղ էլ չկա, ի՞նչ անեմ»,- ասաց նա:

Գնդեվազցին ասաց, որ սպասում են մասնագետների եզրակացությանը, նաև Կառավարության որոշմանը, թե ի վերջո ինչ են անելու: «12 տարի աշխատել են, ես վատ բան չեմ տեսել, մի հատ վթար, լուրջ խախտում չի եղել, օրենքով, կարգով, ժամանակին աշխատավարձերը վճարել են,  հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ որոշում կկայացվի»,- ասաց նա:

Վարդան Եղյանն ասաց, որ գյուղում հանքի շահագործման մասին կարծիքները միանշանակ չեն. «Տարբեր  մարդիկ տարբեր կարծիք ունեն, հիմնական մասը հույսով ապրում է, որ կբացվեն ու կգնան աշխատելու: Մենք ինքներս էլ ենք մեր առողջության մասին մտածում, հենց մեկը ես անձամբ, առաջինը ես եմ  պայքարելու ու վերահսկելու իրենց աշխատանքները, ինչքան հարցեր եղել է, էդ մարդկանց հետ քննարկել ենք, հարցրել ենք, ճիշտ պատասխաններն էլ ստացել ենք,  բա ես եմ ապրելու այստեղ, ես եմ մտածելու, տեսնեմ վտանգավոր է՝ կթողնե՞մ շարունակվի: Դե  հիմա թող մասնագետներն էլ ի վերջո հասկանան ու կոնկրետ եզրակացություն տան»:

Ըստ նրա՝ այնպես չէ, որ իրենց հողերը վաճառել են «Լիդիան Արմենիային», և հիմա դրանից էլ զրկված են ու չեն կարողանում մշակել:

«Մեր պայմաններն այնպես են, որ հողերը բերքատու չեն, տարին մի անգամ են բերք տալիս, ու չես կարող ապրել, դու պետք է կողքից գումար ունենաս, որ ապրես, որ քո գոյությունը պահպանես»,- ասաց նա:

Ըստ համայնքի բնակչի՝ գյուղում շուրջ 1100 բնակիչ է ապրում, և ընտանիքների 90 տոկոսը աշխատում էր: «Բացի դրանից, իրենք բիզնես ծրագրեր էին դրել, մարդիկ իրենց տան գործերն էին անում, մթերքներ էին մշակում, կողքից էլ էին մարդիկ օգտվում էին, հիմա ոչինչ չկա»,-եզրափակեց նա: