Առաջարկում ենք վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատել այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է ոչ թե մինչև 2017-ի, այլ 2018-ի դեկտեմբերի 31-ը. Գևորգ Գորգիսյան

22:32 • 22.01.19

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջին նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դնելու զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքի փոփոխության նախագիծ, որով նախատեսվում է ևս մեկ տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը և հնարավորություն տալ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և ազատվել քրեական հետապնդումից:

«Հիմա այսպես է օրենքը, մինչև 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ը թույլատրվում էր դիմել և համապատասխան վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվել, բայց սա վերաբերում է նրանց, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ը: Մենք առաջարկում ենք մեկ տարով երկարաձգել ժամկետը՝ դարձնելով 2018 թ.-ի դեկտեմբերի 31: Այսինքն, այն քաղաքացիները, որոնց 27 տարին մինչև 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ը լրացել է, կկարողանան գալ, դիմել և ազատվել քրեական հետապնդումից»,- նշեց օրենքի նախագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Վճարների դրույքաչափերի հետ կապված պատգամավորը փոփոխություն չի առաջարկում. «Գումարի չափը կարող էր նորից բանավեճի տեղիք տալ՝ արժե նվազեցնել, թե ոչ, կամ հակառակը՝ արժե բարձրացնել, թե ոչ: Այսինքն` լինի հնարավորինս ընդունելի նախագիծ և շանսը մեծ լինի, որ կանցնի»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը գործում է 2004 թվականից: Այս օրենքի գործողությունը սկզբում տարածվել այն անձանց վրա, ում 27 տարին լրացել էր մինչև 2005 թ. հոկտեմբերի 31-ը: Սակայն, պարբերաբար կատարված փոփոխություններով, օրենքի գործողությունը երկարաձգվել է մինչև 2017 թ.-ի դեկտեմբերի 31:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած մինչև 27 տարին լրանալը յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց քաղաքացին պարտավորվում է վճարել 200 հազար դրամ, 27 տարեկանը լրանալու դեպքում՝ 3 մլն 600 հազար դրամ:

Հիշեցնենք, որ համաձայն ներկայիս կարգավորումների՝ օրենքի գործողությունը երկարաձգվել է վերջին անգամ և գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարի խոսքով՝ օրենքի փոփոխության առաջարկը ժամանակավոր լուծում է, բայց հետագայում պետք է մշակել ավելի համակարգային լուծում:

«18 տարեկանից իրենց զավակներին հանում են երկրից դուրս այն կանխավարկածով, որ հետո 27 տարին լրանում է և կարողանալու են վերադառնալ, գումարները վճարել և ազատվել: Նախկին իշխանություններն ուզում էին փակել և վերջ, բայց կան քաղաքացիներ, ովքեր գնացել են և իրենց պետք է հնարավորություն տալ վերադառնալու: Դրա համար այս ամեն տարի հետաձգելը ժամանակավոր լուծում է, իրավիճակից ելնելով: Պետք է համակարգային լուծում գտնել հարցի վերաբերյալ: Կախված է քաղաքականությունից՝ ուզում ենք քաղաքացիները հետ գան, թե ուզում ենք, որ ընդհանրապես չգնան:

Կարծում եմ՝ բոլոր գնացածներին պետք է տալ հնարավորություն վերադառնալ, բայց ինչ-որ մի պահից սկսած պետք է ուղղակի ասենք՝ եթե գնացիք, այլևս հնարավորություն չի լինելու վերադառնալու: Վստահ չեմ, որ դա կընդունվի: Մարդիկ գնում են՝ փորձելով խուսափել բանակից: Իսկ ինչո՞ւ են գնում, պետք է այս հարցի պատասխանը տրվի: Այսինքն` բանակի նկատմամբ կա անվստահություն, պետք է խնդրի արմատներին գնալ»,- նշեց Գևորգ Գորգիսյանը: