Առաջարկը բաց է եղել, միայն մեկ ընկերություն է մասնակցել. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ ձյուն մաքրող մեքենաները մեկ անձից գնելու մասին
Ցավով պետք է արձանագրել, որ պարոն Խաժակյանը որոշ բառախաղերի միջոցով փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե քաղաքապետարանն ինչ-որ ապօրինի գործողություն է իրականացրել, և կասկածի տակ դրել ձեռք բերված գույքի նպատակահարմարությունը:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» դաշինք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, թե Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման համար նոր տեխնիկան ձեռք է բերել առանց մրցույթի, և մոտ 414 մլն դրամով 9 մեքենայի գնումն անընդունելի է:
Հակոբ Կարապետյանը նշեց, որ որոշակի չափով ծանոթ լինելով Խաժակյանի հանրային գործունեությանը՝ իր համար կասկածելի է, որ նա իրավական ընթացակարգային գիտելիքներին չի տիրապետում:
Քաղաքապետի խոսնակը նախ նշեց, որ գնման չորս ընթացակարգ գոյություն ունի, որոնցից մեկը դասական մրցույթն է: «Մեկ անձից գնումը, ըստ էության, նույնպես մրցույթ է այն իմաստով, որ այստեղ կարող է դրան մասնակցել ցանկացած ոք, ով համապատասխանում է քաղաքապետարանի պատվիրատուի առաջադրած պայմաններին, արդեն որոշակի պայմանների բերումով»,-ասաց նա:
Ըստ նրա՝ մեկ անձով գնում իրականացնելու պայմաններից մեկը հրատապությունն է: Նա բացատրեց, թե տվյալ դեպքում հրատապությունը որն է. «Քաղաքապետարանը նոյեմբերի վերջին պետական օդերևութաբանական ծառայությունից ստացել է տեղեկություններ, որ այս տարի ձմեռը, ի տարբերություն նախորդ տարվա, ավելի ձնառատ և խիստ է լինելու: Քաղաքապետարանը, վերլուծելով նախորդ տարիների փորձը և ձյան պայմաններում ձնամաքրում իրականացնող ընկերության՝ «Սանիթեքի» մոտ առկա ռեսուրսները, որոնք չէին բավականացնում կամ հազիվ էին բավականացնում, որոշում է կայացրել ձեռք բերել նոր ձնամաքրող տեխնիկա, իսկ այն, որպեսզի հնարավոր լիներ օգտագործել այս ձմռան ընթացքում, միակ տարբերակը մեկ անձից գնում հայտարարելն էր:
Քաղաքապետարանն օրենքի տառին ու ոգուն համապատասխան ձեռք է բերել այդ ձնամաքրող մեքենանները, ընդ որում՝ հրատապությունից ելնելով ձեռք են բերվել ձյուն մաքրելու նպատակով, բայց նաև ամռանը ջրցան մեքենաներ, որոնք և՛ ջրով, և՛ խոզանակով փողոցները մաքրելու ֆունկցիա են իրականացրել»,-ասաց նա:
Իսկ թե մեքենաները ձեռք են բերվել շուկայական գներին համապատասխա՞ն, Հակոբ Կարապետյանը նշեց. «Ընթացակարգի համաձայն՝ առաջարկը բաց է եղել ընկերությունների համար, որոնք կարող էին սահմանված ժամկետում ներկայացնել իրենց առաջարկները: Առաջարկ ներկայացրել է միայն այն ընկերությունը, որից ձեռք են բերվել «Կամազ» մակնիշի մեքենաները: Եթե առաջարկներ ներկայացնեին այլ ընկերություններից ևս, այդ դեպքում ընտրությունը կկատարվեր դրանց միջև»,-ասաց նա:
Վերջինս հավելեց, որ դասական մրցույթի և մեկ անձից գնման գործընթացի էական տարբերությունը տվյալ դեպքում այն է, որ մեկը նախատեսում է հինգ օր ժամկետ, մյուսը նախատեսում է 40 օր ժամկետ և դրան ավելացված այլ բարդ ընթացակարգեր:










