Տոկիոյի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկին ղեկավարին
Տոկիոյի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Renault-Nissan-Mitsubishi ֆրանս-ճապոնական մեքենաշինական միության նախկին ղեկավար Կառլոս Գոնին, որն արդեն երկու ամիս անազատության մեջ է` ֆինանսական խարդախությունների համար կասկածվելու պատճառով:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Գոնի պաշտպաններն առաջարկել էին գործարարին գրավի դիմաց ազատ արձակել՝ երաշխավորելով, որ մշտապես կկրի էլեկտրոնային թևնոց, որպեսզի նրա գտնվելու վայրը հայտնի լինի:
Սակայն դատարանի մերժումից կարելի է ենթադրել, որ 64-ամյա Գոնը մինչ իր գործով դատավարության մեկնարկը կմնա կալանքի տակ:
Այժմ Nissan-ի ֆրանսիական գործընկեր Renault SA-ն ստիպված է Գոնի պաշտոնում փոխարինող գտնել:
Ներքին հետաքննության նյութերի համաձայն՝ Գոնը երկար տարիներ նվազեցրել է իր եկամուտների մասին տվյալները ներկայացրած հաշվետվություններում և ընկերության ակտիվներն օգտագործել է անձնական նպատակներով: Հետաքննության տվյալներով՝ Գոնը 2011-ից ի վեր հայտարարագրումից 10 մլրդ իեն է թաքցրել (79 մլն եվրո):










