Պեկինի նոր միջազգային օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին ինքնաթիռը
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի նոր՝ «Դասին» միջազգային օդանավակայանում դրա շահագործման նախապատրաստական թեստերի շրջանակում վայրէջք է կատարել առաջին ինքնաթիռը, գրում է РИА Новости-ն: Օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերի 30-ին:
Ստուգում իրականացնող 4 թիմերը վերահսկել են օդանավի վայրէջքը, մասնագետները հատուկ ուշադրությամբ հետևել են թռիչքուղու լուսավորությանը, օդային տարածքում նավիգացիային, թռիչքի և վայրէջքի անվտանգությանը:
Օդանավակայանում մինչև մարտի 15-ը պարբերաբար թռիչքային թեստեր կիրականացվեն, որոնց ընթացքում կստուգվեն 4 թռիչքուղիները, ռադիոհաղորդիչները, վայրէջքի և լուսավորման համակարգերը:
Նոր օդանավակայանը գտնվում է Պեկինի կենտրոնից 46 կմ դեպի հարավ: Դրա կառուցման հիմնական պատճառը «Շոուդու» միջազգային օդանավակայանը գերբեռնումից ազատելու անհրաժեշտությունն է եղել:










