Եգիպտոսում ականի պայթյունի հետևանքով երկու երեխա է մահացել
Եգիպտոսում արաբա-իսրայելական պատերազմի ժամանակից մնացած ականի պայթյունի հետևանքով երկու երեխա է մահացել, ևս մեկը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում` Իսմայիլի շրջանում գտնվող գյուղերից մեկի մոտակայքում:
Երկրի ուժային կառույցների տեղեկության համաձայն` ականը հայտնաբերել են երեք եղբայր: Երեխաների կողմից անծանոթ օբյեկտի ուսումնասիրության փորձերը հանգեցրել են պայթյունի, հաղորդում է TASS-ը: Աղբյուրի փոխանցմամբ` դեպքի վայրում աշխատում են սակրավորները:
Նշենք, որ Եգիպտոսում 1967 և 1973 թթ. տեղի ունեցած արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացվել երկրի հյուսիսային Սուեցա և Իսմայիլի շրջաններում: Այնտեղ առայսօր չգործարկված ականներ են հայտնաբերում:










