Ամերիկացի փորձագետները Հյուսիսային Կորեայում ռազմավարական հրթիռային զորքերի գաղտնի կենտրոնակայան են հայտնաբերել
Վիճակագրական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ Փհենյանից 77 կմ հեռավորությամբ գտնվող Sino-ri գաղտնի հրթիռային բազայում տեղակայված է ԿԺԴՀ ռազմավարական հրթիռային զորքերի կենտրոնակայանը:
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով ամերիկյան կենտրոնի զեկույցը, 2002 թվականից ի վեր ստացված արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, որ դա «հրթիռային բազա է, որտեղ առկա բալիստիկ հրթիռները ընդգրկված են Հյուսիսային Կորեայի միջուկային ռազմավարության կազմում»:
Sino-ri բազան ամերիկացի փորձագետները ներառում են այն ռազմաբազաների ցանկում (ընդհանուր առմամբ 20-ն են), որոնց գոյությունը հյուսիսկորեական իշխանությունները թաքցնում են, սակայն որոնց մասին ամերիկյան կենտրոնն արդեն հայտնել է նոյեմբերին: Փորձագետների պնդմամբ՝ այդ բազան բազմիցս օգտագործվել է մարտական ուսումնավարժանքներ իրականացնելու և նոր ռազմատեխնիկա փորձարկելու համար:










