Վարշավայում անհայտ անձը մեքենայով փորձել է կոտրել նախագահական պալատի ցանկապատը

23:57 • 22.01.19

Լեհաստանում մարդատար ավտոմեքենայի վարորդը երեքշաբթի փորձել է կոտրել Վարշավայում գտնվող նախագահական պալատի ցանկապատը:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով լեհական ռադիոյին, միջադեպի հետևանքով ոստիկան է տուժել: Վերջինս փորձել է կանգնեցնել մեքենան ստուգման համար, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից, հրել է ոստիկանին և փորձել է թաքնվել: Արդյունքում նրան ձերբակալել են:

Մեկնաբանելով իրավիճակը՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որը գտնվում է Դավոսում, հայտարարել է, որ տեղեկացել է նախագահական պալատի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին: «Ցանկանում եմ ասել, որ նախագահական պալատը անվտանգության մեջ է, այն, ինչպես տեսնում ենք, լավ են պահպանում, և անվտանգության աշխատակիցներն իրենց գործը լավ են կատարում, ինչի համար շնորհակալ եմ նրանց», - ասել է Դուդան: