Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը

14:33 • 22.01.19

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք.Մոսկվա):

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը:

Նշելով, որ Հայաստանը ձգտում է ակտիվացնել փոխգործակցությունն աֆրիկյան պետությունների՝ մասնավորապես մայրցամաքի ֆրանկոֆոն երկրների հետ, Հանրապետության նախագահը կարևոր է համարել վեր հանել այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ առկա են գործակցության իրական նախադրյալներ ու փոխադարձ հետաքրքրություն: