Վաշինգտոնում «շաթդաունի» պատճառով պետական ծառայողների համար անվճար ճաշարան է բացվել
Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետական գերատեսչությունների աշխատանքի մասամբ դադարեցման՝ «շաթդաունի» պատճառով դաշնային ծառայողների համար անվճար ճաշարան է բացվել: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել է ԱՄՆ ներքին գործերի նախարարության աշխատակից Քրիս Ուորթը:
Նրա խոսքով՝ ճաշարանը բացել է World central Kitchen մարդասիրական կազմակերպությունը և հունվարի 16-ից քաղծառայողներին ու նրանց ընտանիքներին անվճար սնունդ է տրամադրում:
Հիշեցնենք, որ կառավարության և Կոնգրեսի՝ բյուջետային նախագծի շուրջ անհամաձայնությունների պատճառով ստեղծված «շաթդաունը» շարունակվում է դեկտեմբերի 22-ից, և այդ ընթացքում դաշնային ծառայողներին աշխատավարձեր չեն վճարվել:
Ավելին՝ վերջերս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատանքի էր կանչել «շաթդաունի» պատճառով հարկադիր չվճարվող արձակուրդ ուղարկված շուրջ 46 հազար քաղծառայողի, որոնք աշխատում են առանց վճարի:










