Լոս Անջելեսում շարունակվում է ուսուցիչների՝ վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում արդեն 1 շաբաթ է՝ շարունակվում է ուսուցիչների գործադուլը, գրում է NBC News-ը:
«Կողմերը դեռ բանակցում են, ես լավատեսորեն եմ տրամադրված, ու կարծում եմ, որ շուտով մեզ կհաջողվի վերականգնել ուսուցիչների ու աշակերտների դասերի նորմալ ռիթմը»,- ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, տասնյակ հազարավոր ուսուցիչներ հունվարի 14-ին սկսել են վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը, որն ուղեկցվում է ցույցերով: Նրանք դժգոհում են աշխատավարձերից, դասարաններում աշակերտների թվաքանակից և հավելյալ աշխատողների սակավությունից: Ուսուցիչների խոսքով՝ դասարաններում չափից շատ աշակերտներ կան, և նրանցից շատերը ստիպված են նստել պատուհանագոգերին կամ հատակին:
Քաղաքի դպրոցները գործադուլի ընթացքում բաց են մնացել, դասերն անցկացվում են փոխարինող ուսուցիչների կողմից:










