Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման համար նոր տեխնիկան ձեռք է բերել առանց մրցույթի, մոտ 414 մլն դրամով 9 մեքենայի գնումն անընդունելի է. Դավիթ Խաժակյան

12:44 • 22.01.19

Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել առանց մրցույթի, ինչն անընդունելի է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի հայտարարությանը, թե համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր, ինչի համար էլ 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել:

Դավիթ Խաժակյանը, մասնավորապես, գրել է.

«Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։

Դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը՝ արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով։


Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

 

Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր. «Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու: Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան»: