Թուրքիայից ապրանք ներկրողները մի քանի օր փակ են պահել Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը, նրանց թույլ չեն տալիս անցկացնել 25 կգ-ից ավել ապրանքը. Այրումի ղեկավար
Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Թուրքիայից ապրանք ներկրող քաղաքացիները քանի օր է՝ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք փակել էին Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը՝ ի նշան բողոքի, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքի նախագիծ, որի արդյունքում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման չեն կարողանում 25 կգ-ից ավելի ապրանք ներմուծել:
Համայնքի ղեկավարը նշեց, որ ակցիայի մասնակիցներն ավտոբուսների ուղևորներն են և պահանջում են օրենքի փոփոխություն: «Առայժմ ոչ մի կոնկրետ բան չկա, մեծ բեռնատարները քանի օր է՝ կանգնած էին՝ ճանապարհը փակ լինելու պատճառով, վերջում բացեցին ճանապարհները, հիմա արդեն բաց է, բայց չգիտեմ՝ բողոքի ակցիան կշարունակվի, թե ոչ»,-ասաց նա:
Այրումի համայնքապետը նշեց, որ ակցիայի պատճառով գրեթե երկու կիլոմետր ավտոմեքենաների շարասյուն էր գոյացել:
Հիշեցնենք՝ ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել առ այն, որ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:










