ՀՀ և Հոնկոնգի քաղաքացիները կկարողանան մուտք գործել միմյանց տարածքներ առանց մուտքի վիզայի, քննարկվում է ուղիղ չվերթների խնդիրը. հարցը կառավարության օրակարգում է
Վաղը կառավարությունը հերթական նիստին կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշման նախագիծը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու մասին որոշումը մշակվել է Պեկինում Հոնգկոնգ ՀՎՇ կառավարություն ներկայացուցչությունից ստացված՝ ՀՀ և ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ առաջարկի հիման վրա:
Ըստ հիմնավորման` Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից, ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: ՀՀ և ՉԺՀ միջև ներկայումս քննարկվում է ուղիղ չվերթներ սկզբնավորելու հարցը: Բացի այդ, առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ բանակցություններ են սկզբնավորվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների Հայաստան այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը և ներդրումները: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:
Որոշման ընդունումը թույլ կտա ՀՀ և ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիներին մուտք գործել միմյանց տարածքներ և մնալ այնտեղ ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում առանց մուտքի վիզա ձեռք բերելու: Միաժամանակ, ռեժիմի փոխադարձ կիրառումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը ՉԺՀ, ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ և այլ հարակից երկրների տարածքում, քանի որ ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ն հանդիսանում է տարածաշրջանի ֆինանսաբանկային գործունեության և գործարքների կարևոր կենտրոններից մեկը:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հոնգկոնգ ՀՎՇ-ից Հայաստան զբոսաշրջային ներհոսքի ավելացումը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերը:










