Ավտոբուս արտադրողին ընդունել են, ողջունել, բայց այդ որոշումները քնել են. տրանսպորտի խնդիրներին առնչվող ակցիայի մասնակիցներին ընդունել է քաղաքապետի օգնականը
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի խումբ ակտիվիստներ այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ընդունի իրենց, որ ներկայացնեն հայ արտադրողին, ով ցանկանում է ավտոբուսների արտադրությամբ զբաղվել:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ընդունել է քաղաքապետի օգնականը, ում բացատրությունն իրեն չի բավարարել, իսկ Հայկ Մարությանը զբաղված է եղել: «Ուզում եմ քաղաքապետը հաշվի առնի, որ ներկայումս այստեղ տրանսպորտի ոլորտի խնդիրներն ենք ներկայացնում` կարմիր գծերի, կայանատեղերի, տեսախցիկների: Այստեղ է ավտոբուս արտադրող, ում նրանք ընդունել են, ողջունել են և այդ որոշումները քնել են: Ես ուզում եմ, որ քաղաքապետը ՀԿ ստեղծի, որ այս աշխատելաոճը, գիտելիքներ բերենք, մենք եկել ենք գիտելիքներ տրամադրենք»,-ասաց նա և նշեց, որ հայ արտադրողի կողմից արտադրված ավտոբուսները կարող են կիրառվել Հայաստանում` 50% պակաս գներով:
«Մարդը քանի տարի է դիմել է, նախկին իշխանությունները մտածել են փող լվալու մասին, եթե այդ փող լվանալու դարաշրջանը անցել է, ինչո՞ւ այդ մարդուն չեն ընդունել: Մենք ակցիա ենք արել, որ այդ մարդուն ընդունեն»,-ասաց նա և նշեց, որ գծի տեր հակացությունը պետք է «մեռնի» և շատերն արդեն լուծարվել են: Նա ասաց, որ իրենք ցանկանում են, որ իրենց ձայնը հասնի վարչապետին:
Վերոնշյալ հայ արտադրող Վահան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավ թիմ ունեն ինժիներներից, դիզայներներից բաղկացած, իսկ կոնկրետ ֆինանսական միջոցներ ունենալու հարցին չցանկացավ պատասխանել: «Հնարավոր է մենք Հայաստանում ունենանք ավտոբուսի գործարան, որը շատերի երազանքն է եղել: Իշխանությանը անցած տարի էլ, այս տարի էլ դիմել ենք, մերժում չի եղել, ողջունել են»,-ասաց նա:










