Թուրքիայից հարյուրավոր մարդիկ կեղծ վիզաներով կարողացել են Ֆինլանդիայում հայտնվել, գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել

15:51 • 23.01.19

Հարյուրավոր անօրինական փախստականներ կարողացել են Թուրքիայից Ֆինլանդիա մեկնել՝ կեղծ վիզաներ ձևակերպելով:

Ինչպես նշում է Euronews-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայից Ֆինլանդիա անօրինական ճանապարհով բազմաթիվ փախստականների համար կեղծ վիզաներ պատրաստելու գործի շուրջ հետաքննություն է սկսվել, դրա շրջանակում արդեն մեկ մարդ է ձերբակալվել: Կասկածյալների ընդհանուր թիվը 3-ն է:

Նշվում է, որ պաշտոնական դիրքի չարաշահման և Շենգեն գոտի մուտքի կեղծ վիզաների պատրաստման համար կասկածվող անձանց թվում կան և՛ Թուրքիայի, և՛ Ֆինլանդիայի քաղաքացիներ: Հայտնի է, որ վերջին երկու տարում նրանց ծառայություններին են դիմել հարյուրավոր մարդիկ:

Աղբյուրը հայտնում է, որ օրինական ճանապարհով վիզա ստանալու նպատակով միայն 2017 թվականին Անկարայում Ֆինլանդիայի դեսպանատուն է դիմել Թուրքիայի 4212 քաղաքացի, նրանցից 11 տոկոսի հայտերը մերժվել են: 2018 թվականին դիմում է ներկայացրել 4014 քաղաքացի, նրանց 23 տոկոսին վիզա ստանալ չի հաջողվել: