Վրաստանում «խոզի գրիպի» հետևանքով մահացածների թիվը հասել է 21-ի

19:00 • 23.01.19

Վրաստանում ևս երկու մարդ է մահացել, ենթադրաբար, H1N1 գրիպի՝ այսպես կոչված, «խոզի գրիպի» վիրուսով վարակվելու հետևանքով: Այսպիսով, «խոզի գրիպից» մահացած անձանց թիվը հասել է 21-ի:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, զոհերից մեկը 48-ամյա կին է, որը մահացել է Բաթումում:

Չորեքշաբթի հայտնի է դարձել նաև Թուրքիայում Վրաստանի 33-ամյա քաղաքացու մահվան մասին, որի մահվան պատճառը նույնպես, ինչպես ենթադրվում է, H1N1 վիրուսն է: Տղամարդը բուժում ստանալիս է եղել Բաթումում, սակայն առողջության վատթարացման պատճառով հարազատները պնդել են, որ նրան տեղափոխեն Տրապիզոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ նա մահացել է:

Հունվարի 21-ին վրացական լրատվամիջոցները հայտնել էին երկրում վիրուսի հետևանքով արձանագրված մահվան 19 դեպքի մասին:

Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են լաբորատոր հետազոտությամբ հաստատված 18 դեպքի մասին: