Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի

03:56 • 23.01.19

Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ գերազանցելով 90-ը: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ Մեքսիկայի առողջապահության նախարար Խորխե Ալկոսերին հղումով:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում ևս չորս մարդ է մահացել, և զոհերի ընդհանուր թիվը կազմել է 93», - նշել է նախարարը՝ հավելելով, որ հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում 46 մարդ:

Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադի խոսով՝ տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Հիշեցնենք, որ հզոր պայթյունը որոտացել է շաբաթ գիշեր Տուսպան-Տուլա գազատարում, որից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը վառելիքի արտահոսքն է եղել: Այդ ամենը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքում 350 մարդ է հավաքված եղել, որոնք եկել էին ապօրինաբար վառելիք տանելու: