Մեքսիկայում թմրակարտելների միջև պատերազմների թեժացման ֆոնին սպանությունների ցուցանիշը նոր ռեկորդ է սահմանել

10:49 • 23.01.19

2018թ. Մեքսիկայում թմրաբիզնեսի և ապօրինի այլ շուկաներում պատերազմների թեժացման ֆոնին երկրում միտումնավոր սպանությունների նոր ռեկորդ է գրանցվել, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նախորդ տարի երկրում գրանցվել է 28 816 միտումնավոր սպանություն:

Պարբերականը նկատում է, որ դա 15%-ով գերազանցում է 2017թ. ցուցանիշը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թմրակարտելներն ու հանցախմբերն ավելի են թեժացրել այս կամ այն ապօրինի ոլորտում իրենց ազդեցությունն ավելացնելու համար մղվող դաժան պայքարը:

Հատկանշական է, որ սպանությունների մակարդակի անսպասելի աճ է գրանցվել նախկինում խաղաղ ու ապահով համարվող մեքսիկական նահանգներում: Այդ ցուցանիշները, 2017թ. համեմատ, կրկնապատկվել են:

Հայտնի է, որ միտումնավոր սպանությունների հարցում առաջատար է Գուանախուատո նահանգը, որտեղ 2018թ. սպանվել է 2609 մարդ:

Պարբերականը նկատում է, որ նոր հրապարակված տվյալները վկայում են այն մասին, որ երկրի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ահռելի անելիքներ ունի հանցավորության մակարդակը նվազեցնելու հարցում: