«Ջեբհաթ ան-Նուսրայի» հարյուրավոր գրոհայիններ Իդլիբում հարձակվել են սիրիական զորքերի վրա
«Ջեբհաթ ան-Նուսրա» միջազգային ահաբեկչական կազմակերպության գրոհայինների երկու խումբ (ընդհանուր առմամբ՝ շուրջ 400 գրոհային) Իդլիբյան դեէսկալացիայի գոտում հարձակվել է սիրիական բանակի վրա: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինը:
««Ջեբհաթ ան-Նուսրայի» հանցախմբերը Աբու Դուհուր և Աբու Շարջա բնակավայրերում միաժամանակ հարձակվել են կառավարական զորքերի դիրքերի վրա», - հայտնել է Սոլոմատինը՝ նշելով, որ յուրաքանչյուր խմբում եղել է 150-200 գրոհային, որոնք եղել են խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված 15-20 պիկապով:
Նա նաև ընդգծել է, որ Աբու Դուհուրում գրոհայինների շրջանում մահապարտ է եղել, որը մեքենայով փորձել է ներխուժել զինվորականների շարքերը, սակայն սպանվել է կառավարական զոքերի առաջին գծի մոտ: Սոլոմատինի խոսքով՝ ահաբեկիչներին հաջողվել է ճեղքել զինվորականների շարքերը, սակայն քիչ անց օգնության հասած զորքերը նրանց հետ են մղել՝ կորուստներ պատճառելով:










