Զոհեր, տուժածներ, բարիկադներ. Վենեսուելայում ցուցարարների ու զինվորականների միջև բախումներ են գրանցվել (լուսանկարներ)
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ դուրս եկած ցուցարարների և ազգային զինված ուժերի միջև բախումներ են ընթանում, հաղորդում է Nacional հարթակը:
Բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 22-ի ուշ երեկոյան: Որոշ շրջաններում բարիկադներ են կանգնեցվել, ցուցարարներն Ազգային գվարդիայի մեքենաների վրա տարբեր իրեր են նետել, այրել Կարաբաբո նահանգի Պուերտո Կաբելյո քաղաքում ոստիկանական տեղամասը, ինչպես նաև երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի՝ Բոլիվար նահանգի Սան Ֆելիքս քաղաքում գտնվող արձանը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշ շրջաններում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել:
Հաղորդվում է նաև, որ Վենեսուելայի ազգային զինված ուժերին հաջողվել է չեզոքացնել ցուցարարների վրա հունվարի 23-ին հարձակում նախապատրաստող խմբավորմանը:
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Խոսե Օլիվարեսը հայտնել է բախումների հետևանքով 1 զոհի մասին, իսկ ավելի ուշ տեղացի հայտնի լրագրող Ռոման Մակաչոն թվիթերյան իր էջում հայտնել է 2-րդ զոհի և երկու վիրավորի մասին:
Կարակասում զանգվածային ցույցերը սկսվել էին զինված ապստամբության ձախողումից հետո: Մարդիկ փողոց են դուրս եկել՝ աջակցելով ապստամբներին և բողոքելով Մադուրոյի քաղաքականության դեմ:
Այսօր՝ հունվարի 23-ին, լուրջ բախումներ են սպասվում: Երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն աջակցում է ցուցարարներին, մինչդեռ նախագահ Մադուրոն մտադիր է միջոցներ ձեռնարկել «օտարերկրյա միջամտության դեմ»:
















