Դրոշմապիտակների ցելոֆանե հատվածի տեխնիկական պահանջները կփոխվեն, որ երեխաների համար վտանգ չհանդիսանան. Դավիթ Անանյան

11:34 • 24.01.19

Կառավարության այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով մինչ օրակարգին անցնելը նախ շնորհավորեց նշանակված, վերանշանակված նախարարներին և մաղթեց բեղում աշխատանք ի շահ ՀՀ-ի:

Ավինյանն անդրադարձավ նոր դրոշմապիտակների վերաբերյալ նոր նախաձեռնությանը, և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց, որ դրոշմապիտակների հեշտ պոկվող ցելոֆանե հատվածը կարող է պատահարների առիթ դառնալ, և երեխաները կարող են կուլ տալ այն, ինչը վտանգ է շնչուղիների համար:

«Այդ թեման վարչապետի հետ ենք քննարկել և որոշում ենք կայացրել տեխնիկական պայմանները փոխել, ըստ որի՝ հիսուն միկրոն հաստությունից իջեցվել է երեսունվեց միկրոն և սոսնձի վերաբերյալ տեխնիկական պահանջն ենք փոխել, որ ավելի ամուր լինի»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահը նշեց, որ արդեն մրցույթ են հայտարարել, հայտնի է արտադրության մատակարարի անունը, և նրա հետ քննարկմանը կլսեն այլընտրանքային առաջարկներ, որոնցից կընտրվի ամենաօպտիմալ տարբերակը:

Տիգրան Ավինյանը ողջունեց նախաձեռնությունը: