Այս պահի դրությամբ ՀԵՀ գործադիր տնօրենին մեղադրանք առաջադրված չէ. ՔԿ–ն հերքում է նրան կալանավորելու միջնորդության մասին լուրը

10:45 • 24.01.19

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Tert.am –ի հետ զրույցում հերքեց մամուլում այսօր հրապարակված լուրը, թե Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահի դրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք առաջադրված չէ»,- նշեց Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում կար, թե նախաքննական մարմինը Երիտասարդկան հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան։