Գդանսկի սպանված քաղաքապետի կինն ամուսնու մահվան մեջ մեղադրել է լեհական TVP հեռուստաընկերությանը

03:02 • 24.01.19

Գդանսկի սպանված քաղաքապետ Պավել Ադամովիչի կինը` Մագդալենա Ադամովիչը,  ամուսնու մահվան մեջ մեղադրել է լեհական TVP հեռուստաալիքին: Այդ մասին նա ասել է Onet.pl կայքին տված հարցազրույցում:

Ըստ նրա` TVP հեռուստաընկերությունը մշտապես բացասական կերպով է լուսաբանել Ադամովիչի գործունեությունը:

«Պատասխանատվությունը TVP-ի վրա է: Ես այդպես եմ կարծում: Ատելության լեզուն ազդել է մարդասպանի վրա, և նա, որպես զոհ, ընտրել է Պավելին: Ամուսնուս սպանել են բառերը», - ասել է Մագդալենա Ադամովիչը: Նա նաև հայտարարել է, որ հեռուստաընկերության աշխատակիցներն լրագրող կոչվելու իրավունք չունեն:

Գդանսկի սպանված քաղաքապետի կինը շեշտել է, որ պատրաստ է դատի տալ TVP հեռուստաընկերությանը:

Հիշեցնենք, որ Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը սպանվել էր հունվարի 14-ին` բարեգործական միջոցառման ժամանակ: