Պետգույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել. Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

14:50 • 24.01.19

Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել։ Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի նվիրատվությանը, Բաբայանը տեղեկացեց, որ գույքի ընդունման գործընթացը դեռևս չի ավարտվել։

«Պետության կողմից նվիրատվություն ընդունելու դեպքում կառավարության որոշում կլինի, բնականաբար, բոլորդ կիմանաք այդ մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս գործընթացը կասեցված է, քանի որ դատախազությունը վերապահումներ է հայտնել։

Նարեկ Բաբայանը, խոսելով Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցի՝ պետությանը նվիրաբերելուն, շեշտեց, թե այս պահին տնօրինում են Ավետիսյանները․ «Այս հարցով նույնպես կառավարության որոշում կլինի», - շարունակեց Նարեկ Բաբայանը։

Միևնույն ժամանակ վերջինս հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե «Գոլդեն փելըս» հյուրանոցն այս պահին ղեկավարում է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։ Ըստ նրա՝ դեռևս ուսումնասիրված չէ հարցը՝ արդյոք «Գոլդեն փելըս»-ը որևէ պարտք ունի՞ կամ գրավադրվա՞ծ է, թե ոչ։

Պետգույքի ղեկավարն անդրադարձավ նաև պետական ապարատի աշխատակիցների պարգևավճարներին և նշեց, որ իրենց աշխատակիցներն էլ մինչև  1 դրույքի չափով պարգևատրվել են։ Հարցին՝ ինքներդ Ձեզ պարգևատրե՞լ եք, Նարեկ Բաբայանը պատասխանեց․ «Ես իրավասու չեմ ինքս ինձ պարգևատրելու»։