Ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ. ՊԵԿ-ը՝ «յոթանիշ» պարգևավճարների մասին

11:19 • 24.01.19

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՊԵԿ-ում աշխատավարձերի ու պարգևատրումների վերաբերյալ երեկ մամուլում շրջանառվող լուրերի մասին պարզաբանում է ներկայացրել:

«Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են:

Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան: Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ  մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ  անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել:

Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը  համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգևատրումների ընդհանուր թվային պատկերը և այս ամենը թափանցիկ է:

Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ը, ի տարբերություն մյուս պետական մարմինների,  ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, օրինակ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը:

Մյուս կողմից, հարկ  է ընդգծել, որ, օրինակ՝ 2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն: Թեև, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով և հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով և իրավակարգավորումներով ՊԵԿ-ը փորձում է նորից պարգևատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել:
Հետևաբար 2018թ. ՊԵԿ-ը, ունենալով հնարավորություն, վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից:

Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային և մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է,  որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է:

Հետևապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»,-ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ Yerevan.today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեկտեմբերին «աստղաբաշխական» յոթանիշ աշխատավարձ և պարգևատրումներ են ստացել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ 8 մլն 55 հազար դրամ, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:
Նշենք, որ ՊԵԿ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):