Մոսկվայում «Իսլամական պետության» 11 անդամի են դատել

17:16 • 24.01.19

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի շրջանային ռազմական դատարանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 11 անդամի 6-18 տարի ժամկետներով ազատազրկման է դատապարտել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի պաշտոնական կայքից:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դատվածները Կենտրոնական Ասիայի երկրների բնակիչներ են և Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ են ծրագրելիս եղել:

«Ահաբեկիչները, որոնցից մեկը Սիրիայից է, ահաբեկչական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև մարդաշատ վայրերում քաղաքացիների սպանության ծրագրեր են մշակել»,- ասվում է հաղորդման մեջ:

Գերատեսչությունում ընդգծել են, որ ահաբեկիչները ծրագրել էին տեսանկարահանել բոլոր գործողությունները և դրանք տեղադրել իրենց կողմից վերահսկվող համացանցային ռեսուրսներում: