Թուրքական ԶՈւ-ն գնդակոծել է սիրիական Թել Ռիֆաաթը
Թուրքական ԶՈւ-ն գնդակոծել է Սիրիայի հյուսիսային Թել Ռիֆաաթ շրջանը, որտեղ բացի քրդական զինված ջոկատներից՝ դիրքեր ունի նաև սիրիական բանակը, այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող Աֆրինից մի փոքր հարավ-արևելք գտնվող Թել Ռիֆաաթում վերահսկողության սահմանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա խնդրահարույց թեմաներից է: Այս շրջանից քիչ արևելք էլ գտնվում է Մանբիջը, ուր թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է ռազմական գործողություն ձեռնարկել քուրդ զինյալների դեմ:
Թուրքական պետական լրատվամիջոցն Աֆրինում նախօրեին տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատու է համարում հենց քուրդ զինյալներին՝ նշելով, որ Աֆրինում ակտիվություն դրսևորել փորձող քրդական ջոկատներին ամենամոտ ռազմական բազան գտնվում է հենց Թել Ռիֆաաթում:
Հիշեցնենք, որ սիրիական լրատվամիջոցներն Աֆրինում տեղի ունեցած հարձակման պատասխանատուն էին համարել Թուրքիայի աջակցությունը վայելող ծայրահեղական խմբավորումներից մեկին:










