Աշխարհում ամեն 3-րդ դպրոցական ամիսը նվազագույնը մեկ անգամ ենթարկվում է հոգեբանական ու ֆիզիկական բռնության. ՅՈՒՆԵՍԿՕ

16:59 • 24.01.19

Աշխարհում ամեն երրորդ դպրոցական ամիսը նվազագույնը մեկ անգամ հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկվում, այս մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ խնդրի վերաբերյալ կազմած զեկույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Աշխարհի աշակերտների գրեթե 1/3-ը՝ 32 տոկոսը, դպրոցում հասակակիցների ծաղրի առարկա է դառնում նվազագույնն ամիսը մեկ անգամ», - ասվում է զեկույցում, որը պատրաստվել է աշխարհի 144 երկրներում կատարված ուսումնասիրության հիման վրա:

Նշվում է, որ բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի, ֆիզիկական բռնությունն ու ծաղրն ամենատարածվածն են, երկրորդ տեղում են սեռական բռնությունն ու ծաղրը, որին հաճախ ենթարկվում են աշակերտները:

Իսկ ահա Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում աշակերտներն ավելի շատ հոգեբանական ճնշման են ենթարկվում, իսկ ամեն տասներորդ աշակերտ ենթարկվում է ծաղրի համացանցի միջոցով:

Սեռական բռնության մասին տվյալները, որոնք ստացվել են Աֆրիկայի որոշ երկրներից, վկայում են այն մասին, որ բռնություն գործադրողն առավել հաճախ հանդիսանում է համադասարանցին, քան ուսուցիչը, հատկապես, եթե խոսքը տղաների մասին է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցնում է, որ ֆիզիկական բռնություն պարունակող պատիժը երեխաների նկատմամբ մինչ օրս թույլատրելի է համարվում և հաճախ կիրառվում է 68 երկրների դպրոցներում: