Յանուկովիչը վիրահատվել է և գտնվում է վերականգնողական փուլում. փաստաբան

14:18 • 24.01.19

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վիրահատվել է և գտնվում է վերականգնողական փուլում: Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Յանուկովիչի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին, գրում է gazeta.ru-ն:

Ընդ որում՝ Ուկրաինայի նախկին ղեկավարի պաշտպանը չի հայտնել վիրահատության բնույթի ու Յանուկովիչի ներկա վիճակի մասին տեղեկություններ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին նախագահը ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի:

Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով Յանուկովիչը չէր ներկայացել նոյեմբերի 19-ին Կիևում իր գործով կայացած դատական նիստին:

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, այսօր Կիևի շրջանային դատարանն Ուկրաինայի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության, ինչպես նաև երկրի սահմանների փոփոխությանը և պատերազմի վարմանն օժանդակելու գործով:

Դատավճռում ասվում է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է, իսկ սահմանված պատժի մասին դեռևս չի հայտարարվել: Մեղադրող կողմը պահանջել է Յանուկովիչին 15 տարվա ազատազրկման դատապարտել:


Հիշեցնենք, որ 2014թ.-ին իշխանափոխությունից հետո Յանուկովիչը Ռուսաստան է փախել: Նրան մեղադրում էին այն բանի համար, որ Մոսկվային խնդրել է զորք մտցնել Ուկրաինա, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուն: