Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Մակեդոնիայի անվանափոխության մասին համաձայնագիրը

18:29 • 25.01.19

Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն անվանափոխելու մասին համաձայնագիրը:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Սկոպյեի հետ համաձայնագրին կողմ են քվեարկել 153 հույն խորհրդարանական այն դեպքում, երբ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ էր ստանալ մեծամասնության ձայնը՝ առնվազն 151 դրական ձայն:

Սա հունական կողմից վավերացման եզրափակիչ փուլն էր: Այսպիսով, Մակեդոնիան, որն ավելի վաղ վավերացրել էր համաձայնագիրը, պատոնապես կանվանափոխվի Հյուսիսային Մակեդոնիա, ինչի արդյունքում վերջ կդրվի Աթենքի հետ 30 տարի տևած վեճերին՝ կապված երկրի անվանման հետ:

Անվանափոխության շնորհիվ Մակեդոնիան կարող է հավակնել ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամակցության: Մինչ այս պահը Հունաստանն արգելափակում էր Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը՝ 3 տասնամյակ տևած վեճերի պատճառով: