ԱՄՆ-ն սկսում է ապաստան խնդրող ներգաղթյալներին Մեքսիկա ետ ուղարկելու գործընթացը
ԱՄՆ-ի կառավարությունը հունվարի 25-ից կսկսի երկրում ապաստան խնդրող ներգաղթյալներին ուղարկել Մեքսիկայի սահմանին գտնվող Տիխուանա քաղաք, որտեղից վերջիններս հատել են սահմանը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Սա Միացյալ Նահանգներում ներգաղթի քաղաքականության վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մտցված փոփոխության սկիզբն է, որի մասին առաջին անգամ հայտարարվել էր դեկտեմբերի 20-ին:
Խոսքը վերաբերում է ոչ մեքսիկացի ներգաղթյալներին, որոնք հիմնականում եկել են Կենտրոնական Ամերիկայի երկրներից և ԱՄՆ-ում ապաստան խնդրել:
Սովորաբար ներգաղթյալներին թույլատրվում էր մնալ Միացյալ Նահանգներում, մինչև դատարանը նրանց կացության վերաբերյալ որոշում կայացներ, սակայն ավելի քան 800 հազար նման ներգաղթյալների առկայությամբ պայմանավորված՝ այդ գործընթացը կարող էր տարիներ տևել:
Այժմ ԱՄՆ-ի իշխանությունները թույլ կտան ներգաղթյալներին երկիր մուտք գործել միայն դատական լսումների համար, իսկ մինչ որոշման ընդունումը կմնան Մեքսիկայում, բացասական վճռի դեպքում էլ ետ կուղարկվեն հայրենիք:










