Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը 364-ի է հասել
Վենեսուելայում արդեն 4-րդ օրը շարունակվող բողոքի զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը 364-ի է հասել: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է «Քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն:
Նրա տվյալներով՝ հունվարի 21-ին 9 մարդ է ձերբակալվել, 22-ին՝ 35, իսկ հունվարի 23-ին ձերբակալվածների թիվը 320-ի է հասել:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հակակառավարական ցույցերը տեղի են ունենում ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության: Ավելի վաղ ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր առաջնորդ էր հռչակել: ԱՄՆ-ի, Արգենտինայի, Կանադայի, Պերուի, Կոլումբիայի և մի շարք այլ երկրների իշխանություններն աջակցում են ցուցարարներին՝ պահանջելով Մադուրոյի հրաժարականը:










