Բարեգործության անվան տակ աշխատող «Զին տաքսին»  շարունակում է հրաժարվել տեղեկություն տրամադրել իր գործունեության վերաբերյալ

22:25 • 26.01.19

«Զին տաքսի» ընկերությունը գովազդային հրապարակումներ է անում այն մասին, որ  իր գործունեության արդյունքում ստացած եկամտի 80%-ը ծախսում է բարեգործական նպատակներով, գումարը հատկացնում է բանակին, զինվորներին:

Tert.am-ը նոյեմբերի սկզբից «Զին տաքսիից» տեղեկատվություն է խնդրել տաքսի ծառայության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև իրենց նշած բարեգործության չափի, ապացույցների վերաբերյալ:

Ծառայության աշխատակիցը նոյեմբերի սկզբին Tert.am-ի հարցերը լսելուց հետո հայտնեց, որ տնօրինությունը Հայաստանում չէ, իսկ ինքը հարցերին պատասխանելու իրավասություն չունի:

Ավելի ուշ Tert.am-ը մի քանի անգամ զրուցել է Արսեն Մարգարյանի հետ, ով «Զինվորի քավոր Մարգարյան բարեգործական» հիմնադրամի ղեկավարն է, իսկ «Զին տաքսին» գործում է հիմնադրամի շրջանակում, և նրա խոսքով՝ ստացված եկամուտների մեծ մասը տրամադրվում է բարեգործական հիմնադրամին:

Հիմնադրամի ղեկավարն ասել է, որ ինքն աշխատում է առանց որևէ խախտման՝ օրենքի շրջանակում, սակայն տեղեկությունը տրամադրելու համար որոշակի ժամանակ է հարկավոր, ինչից հետո անպայման կներկայացնի փաստաթղթերը: Այնուհետև Արսեն Մարգարյանի հեռախոսահամարն անհասանելի էր:

Վերջերս Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պետք չէ հրապարակել ոչինչ, երկու ժամվա ընթացքում հաշվապահը անհրաժեշտ տեղեկությունը կտրամադրի, սակայն խոստացված ժամանակահատվածում Արսեն Մարգարյանն ասաց, որ առաջիկայում ամեն ինչ կտրամադրի՝ չնշելով կոնկրետ ժամկետ:

Հարցին, թե ամսական որքան գումար է ծախսում իր նշած բարեգործության համար և որքան գումար է ստանում ծավալած գործունեությունից, Արսեն Մարգարյանն ասաց, որ բոլոր հարցերին առաջիկայում կպատասխանի:

«Ես տունս վաճառել եմ ու տրամադրել զինվորներին, իմ վեց որդիների համար եմ անում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե վեց որդի ունի, անտո՞ւն է թողնում, Արսեն Մարգարյանն ասաց, որ ևս երկու բնակարան ունի. «Բայց դրանք էլ եմ վաճառելու, տամ բանակին: Ես աշխատում եմ, ոչ մեկի ոտի տակը չեմ փորում»:

Հարցին, թե ե՞րբ է տեղեկություն տրամադրելու ծավալած գործունեության վերաբերյալ, Արսեն Մարգարյանն ասաց, որ հաշվապահը զբաղվում է այդ հարցով:

Իսկ, թե մինչ այժմ հաշվետվություն, անհրաժեշտ դասակարգումներ չկա՞ն, որ երեք ամիս է՝ հաշվապահը զբաղվում է, Արսեն Մարգարյանն ասաց, որ դրանք իրեն անհրաժեշտ չեն, դրանք հրապարակելու համար է նախապատրաստում. «Դրանք ձեզ համար են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը տաքսի ծառայության գործունեության վերաբերյալ հարցում ուղարկեց ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Tert.am-ի հարցումներին, թե ՊԵԿ-ը ստուգումներ իրականացրե՞լ է այս ընկերությունում և ի՞նչ է հայտնաբերել, ՊԵԿ-ից հայտնել են հետևյալը. ««Զին տաքսի» ՍՊ ընկերությունում հարկային մարմնի կողմից որևէ ստուգում կամ ուսումնասիրություն չի իրականացվել: Հարկ է նշել նաև, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 10.07.2018թ.»: