Բողոքի ակցիա Երևանի կենդանաբանական այգու դիմաց՝ տնօրենի հրաժարականի պահանջով (տեսանյութ)

13:05 • 26.01.19

14:27

Լրագրողների հետ զրուցեց նաև Կենդանաբանական այգու Կենդանիների բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը: Նա ընդգծեց, որ այգու տնօրենը մասնագետների տեսակետը հաշվի է առնում, ժողովներ են լինում, այժմ իրենք բազմաթիվ ծրագրեր ունեն, որոնք կյանքի են կոչվելու, այգին բնականոն գործում է:

Անդրադառնալով վերջին շրջանում կենդանիների անկման դեպքերին՝ Արտյոմ Մակարյանն ասաց, որ դրանց վերաբերյալ պարզաբանումներ արդեն իսկ տրվել են: Ինչ վերաբերում է  բեզուարյան այծի անկման հետ կապված աղմուկին, ապա Արտյոմ Մակարյանը նշեց.

«Շահարկվում է այդ դեպքը, որ ցույց տան, թե մասնագետները չեն աշխատում, գել ու գազան են, բայց իրականում այդպես չէ»,-նշեց նա:


Ակցիայի մասնակիցները նշում էին, որ կենդանիների զուգավորման կազմակերպման շրջանում պայմանների հետ կապված ևս խնդիրներ կան:

«Զուգավորման շրջանը կազմակերպողը մենք չենք, շատ վաղուց կենդանիներն ունեն իրենց վարքագիծը: Այդ կենդանիները այդտեղ ապրում են 15 տարի, որից 7 տարին այս պայմաններում, որը հիմա տեսնում եք, որևէ  փոփոխություն չի եղել»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ոչ միայն կենդանասերները, այգու նախկին աշխատակիցներն են բողոքում, այլ նաև այգու աշխատակիցները, կենդանիների բաժնի համակարգողն ասաց, որ ներկայիս աշխատակիցներից ընդամենը 3-ն են դժգոհ:

Չնայած, որ Արտյոմ Մակարյանն ակցիայի մասնակիցների հետ հանդիպել չէր ցանկանում,  ակցիայի մասնակիցները նրան մոտեցան, տվեցին մի շարք հարցեր և հիշեցրին, որ  ժամանակին ինքն ասել է, որ Ռուբեն Խաչատրյանի կողմից անգրագետ մոտեցում է  ցուցաբերվել, միայնակ կենդանիներին, օրինակ՝ արջերին, նույն վայրում պահել չի կարելի, Արտյոմ Մակարյանն էլ հերքեց, թե նման բան է ասել:

13։27

Կենդանաբանական այգում ակցիա իրականացնողները պահանջում են ժամանակավորապես կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել և անցկացնել տնօրենի ընտրություններ, հնարավորություն տալ մասնագետներին, կենդանասերներին ներկայացնել իրենց տեսլականը։ Նրանք նաև պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաև քաղաքապետարանից, ինչպես նաև մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը:

«Մենք բարձրացրել ենք արդյունավետ կառավարման և իրավիճակի շտկման խնդիր, բայց անտեսվում է, անընդհատ  փորձում են այս շարժումը դարձնել անձնական, սակայն այդպես չէ»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը` հավելելով, որ սխալ կառավարման արդյունքում Կենդանաբանական այգում գրանցվել են կենդանիների անհարկի անկում, և ո՛չ Երևանի  քաղաքապետարանը, ո՛չ էլ այգու տնօրենը թույլ չեն տալիս, որպեսզի կենդանասերներն ակտիվ մասնակցություն ունենան կենդանիների անկման պատճառները պարզող գործընթացներին:

Ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ իրենց տեղեկություններով` Կենդանաբանական այգու հետ կապված նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ է հարուցվելու:



13։05

Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կենդանիների խնամքի հետ կապված խնդիրներ կան, շատ հարցերում մասնագետների կարծիքը չեն ցանկանում լսել:

Հիշեցնենք, որ նախկինում ևս տնօրենի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել: