Բրազիլիայում ամբարտակի փլվելու հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել, 200-ն անհետ կորած է (տեսանյութ)

05:50 • 26.01.19

Բրազիլիայում առնվազն 50 մարդ է զոհվել, 200-ն անհետ կորել է Մինաս-Ժերայսի նահանգում ամբարտակի փլվելու հետևանքով, հաղորդում է Globo հեռուստաընկերությունը` վկայակոչելով տեղի փրկարար ծառայությանը, որը զբաղվում է կորածների որոնմամբ:

Միջադեպը տեղի է ունեցել Բրումադինյո քաղաքում: Ամբարտակի փլվելու հետևանքով մետաղագործական արդյունաբերության թափոններ պարունակող ջուրը լցվել է շրջակա տարածք` ավերելով բնակելի տները: Փրկարարները պարզել են, որ վթարի հետևանքով մոտ 3 մլն խորանարդ մետր թափոն է թափվել:

Փլված ամբարտակը պատկանում է «Վալե» հանքարդյունաբերական ընկերությանը, որտեղից հայտարարել են, որ զոհերի թվում ընկերության աշխատակիցներ կան: Չորս տուժածի հաջողվել է փրկել ուղղաթիռի օգնությամբ:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն Twitter-ում ցավակցել է զոհվածների հարազատներին և նշել, որ վնասի չափը գնահատելու նպատակով դեպքի վայր կժամանի հունվարի 26-ին: