Ֆրանսիայի ուժային կառույցները պատրաստվում են «դեղին բաճկոնների» շարժման 11-րդ բողոքի ակցիային
Ֆրանսիայի ոստիկանությունը պատրաստվում է շաբաթ կայանալիք «դեղին բաճկոնների» շարժման հերթական` 11-րդ բողոքի ակցիային: Այդ մասին ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քարտուղար Լորան Նունյեսը` չբացառելով, որ ցույցերը կրկին կարող են ուղեկցվել անկարգություններով:
Ի տարբերություն նախորդ շաբաթների` իրավապահ մարմինները դեռևս չեն հայտարարել, թե այս շաբաթ քանի ոստիկան է ներգրավվելու հասարակական կարգի պահպանմանը:
«Մեր ուշադրության կենտրոնում լինելու է ոչ միայն Փարիզը, այլև մյուս քաղաքները, երկրի պետական հաստատություններն ու վարչական շինությունները», - ասել է Նունյեսը:
Նա նշել է, որ նախորդ շաբաթ, ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի փողոցներ են դուրս եկել մոտ 84 հազար ցուցարար: «Մենք հենց դրան ենք պատրաստվում»,- ընդգծել է Նունյեսը:










