Իսպանիայում 13 օր առաջ ավելի քան 100 մետր խորությամբ փոսն ընկած երեխային մահացած են հայտնաբերել
Իսպանիայի Մալագա քաղաքի շրջակայքում գտնվող Տոտալան գյուղակում հունվարի 13-ին փոսն ընկած 2-ամյա Յուլենին որոնող փրկարարները գտել են նրա անշնչացած մարմինը, հաղորդում է La Repubblica օրաթերթը: Երեխայի դին հայտնաբերվել է այս գիշեր՝ 100 մետր խորության վրա:
«Դժբախտաբար, չնայած բոլոր ջանքերին, հնարավոր չեղավ փրկել փոքրիկին: Հանգչի՛ր խաղաղությամբ, Յուլեն»,- ասված է Իսպանիայի ազգային գվարդիայի թվիթերյան էջում:
Իսպանիայի ներքին գործերի նախարարը նույնպես իր խորին ցավակցությունն է հայտնել երեխայի ծնողներին:
Ինչպես նշում է օրաթերթը, լուրն իմանալուն պես երեխայի հոր ինքնազգացողությունը վատացել է, և նրան հիվանդանոց են տեղափոխել:
Հիշեցնենք, որ փոքրիկ Յուլենը 110 մետր խորությամբ և 25 սանտիմետր լայնությամբ փոսն էր ընկել լողափին խաղալու ժամանակ: Փրկարարները 13 օր անընդմեջ օր ու գիշեր աշխատում էին դեպքի վայրում՝ փոսին զուգահեռ թունել փորելով, սակայն մի շարք բարդությունների պատճառով հնարավոր չէր եղել հասնել այն վայրին, որտեղ, ենթադրաբար, գտնվում էր երեխան: Փրկարարական աշխատանքների ամբողջ ընթացքում մարդիկ աշխարհի բոլոր անկյուններից, շունչները պահած, նորությունների էին սպասում:
Յուլենի ծնողները՝ Խոսե Ռոսելոն և Վիկտորյա Գարսիան, 2017թ.-ին կորցրել էին Օլիվեր անունով 3-ամյա որդուն, որը լողափին ծնողների հետ զբոսնելիս հանկարծամահ էր եղել:
Ազգային գվարդիան սկսել է հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչպես է երեխան հայտնվել փոսում:










