Թրամփը մտադիր է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին պատը՝ անկախ դեմոկրատների դիրքորոշումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սկսել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը՝ անկախ դեմոկրատների՝ բյուջեի նախագծի հարցում դիրքորոշումից: Այդ մասին հայտարարել է Թրամփի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
«Քսանմեկ օրից նախագահը զարկ կտա պատի կառուցմանը՝ լինի դա դեմոկրատների համաձայնությամբ, թե առանց դրա: Միակ հարցն այն է, թե արդյոք դեմոկրատները ցանկանո՞ւմ են ինչ-որ բան, թե՞ ոչինչ»,- գրել է Սանդերսը թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ երեկ Թրամփն առաջիկա 3 շաբաթների համար բյուջետային համաձայնագիր է ստորագրել՝ վերջ դնելով դաշնային մի շարք գերատեսչությունների աշխատանքի՝ 35 օր տևած դադարեցմանը՝ «շաթդաունին»: Բյուջեում, սակայն, ներառված չեն այն դրամական միջոցները, որ Թրամփը պահանջում է պատի կառուցման համար: Ինքը՝ նախագահը, հայտարարել է, որ փոխզիջումների չի գնացել և չի գնա, իսկ կառավարության աշխատանքի վերսկսմանը համաձայնել է միայն հանուն այն պետական ծառայողների, որոնք հարկադիր պարապուրդի պատճառով չեն վարձատրվել:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է եղել, դրա նպատակն ապօրինի ներգաղթի կանխումն է:










