Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել. ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես կվերսկսի աշխատանքը

02:09 • 26.01.19

Սպիտակ տունը և ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ելույթ ունենալով Սպիտակ տան վարդերի այգում:

«Ուրախ եմ հայտնել, որ մենք համաձայնության ենք եկել», - ընդգծել է ԱՄՆ առաջնորդը` խոսելով գործադիր և օրենսդիր մարմինների միջև բյուջետային ճգնաժամի կարգավորման շուրջ սկսված երկխոսության մասին:

Թրամփն ասել է, որ համաձայնության արդյունքում կառավարությունը կֆինանսավորվի  միայն երեք շաբաթով` մինչև փետրվարի 15-ը` առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար պահանջվող 5.7 մլրդ դոլարի հատկացման:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե մինչև փետրվարի 15-ը դեմոկրատները չտան պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն: