Փարիզում գողացել են Բենքսիի՝ 2015-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված աշխատանքը

05:57 • 27.01.19

Անհայտ անձինք գողացել են հանրահայտ բրիտանացի նկարիչ Բենքսիի աշխատանքը, որը նա պատկերել էր «Բատակլան» համերգասրահի պահեստային ելքի դռան վրա՝ ի հիշատակ 2015-ի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած փարիզյան ահաբեկչությունների զոհերի:

«Բենքսիի աշխատանքը, որը մտքերի մեջ խորասուզվելու մարմնավորումն է և պատկանում է բոլորին՝ տեղի բնակիչներին, աշխարհի քաղաքացիներին, գողացվել է», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է համերգասրահի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նկարն իրենից վշտացած ուրվագիծ է ներկայացնում, որն ինչ-որ տեղ միանձնուհու կերպար է հիշեցնում: Այն «Բատակլանի» դռան վրա հայտնվել էր 2018-ի ամռանը:  

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերին մահապարտ ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել Փարիզի «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, «Բատակլան» համերգասրահում և սրճարաններից մեկում: Ահաբեկչությունների հետևանքով 130 մարդ էր զոհվել, որոնց թվում՝ հայազգի 17-ամյա Լոլա Ուզունյանը: