Ես ստացել եմ զրո դրամ, փոխքաղաքապետերը՝ 637 հազար դրամ. Հայկ Մարությանը խոսել է քաղաքապետարանի պաշտոնյաների պարգևավճարների չափի մասին (տեսանյութ)

01:38 • 27.01.19

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսաուղերձ, որում անդրադարձել է 2018 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված պարգևավճարներին:

Քաղաքապետի խոսքով՝ քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին ինքը պաշտոնավարում էր ընդամենը երկու ամիս, ապա որոշում կայացվեց պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես որոշվել էր 2017 թվականին և հաստատվել 2018 թվականի բյուջեով: «Այդպես էլ արվեց, ուղղակի մի վերապահումով, որ այս անգամ ես հանձնարարեցի, որ պարգևավճար ստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ տարիներ ի վեր կային աշխատակիցներ, որոնք այս գումարները չէին ստանում՝ չնայած, որ աշխատում էին, իրենց ուժը, եռանդը դնում այս գործի մեջ»:

Հայկ Մարությանը նաև նշեց, որ իրենք երկար են մտածել պարգևավճարներ ստացած աշխատակիցների ցուցակի հրապարակման մասին և անգամ հարցում են ուղարկել ԱՆ՝ պարզելու, թե արդյոք այդ կերպ չեն հրապարակվի մարդկանց անձնական տվյալները: Քաղաքապետի խոսքով՝ բազմաթիվ իրավաբանների հետ քննարկումներից հետո իրենք որոշել են, այնուամենայնիվ, հրապարակել ցուցակը, սակայն մինչ այդ ինքը որոշել է անձամբ ներկայացնել մի քանի աշխատակցի, մասնավորապես՝ փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների պարգևավճարները:

Մանրամասները՝ տեսանյութում: