Ամբողջական պայմանագրային ծառայության անցնելու համար այսօր ոչ մի պայման առկա չէ. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

10:14 • 28.01.19

Ամբողջական պայմանագրային ծառայության անցնելու համար այսօր ոչ մի պայման առկա չէ. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ըստ նրա՝ բանակը այլ տարբերակ չունի, քան ժամկետային և պայմանագրային զինծառայողների ծառայության փոխլրացումը:

«ԶՈՒ-ն այսօր մեծաքանակ է, և մենք ստիպված ենք դիմագրավելու համապատասխան մարտահրավերներին, որոնք շարունակական են: Մենք պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան բանակ, այդ պատճառով անելու ենք ամեն ինչ, որ  փոխլրացման համակարգ գործի, այլ տարբերակ չունենք»,-ասաց նա:  

Ըստ Պաշտպանության նախարարի՝ ամեն ինչ արվում է բոլոր խնդիրները հաղթահարելու համար: «Հավատացեք, անում ենք առավել, քան հնարավոր է, քան պատկերացնում եք, մենք ԶՈՒ մարտունակությունը պատշաճ ձևով ենք պահելու»,-ասաց նա:

Հարցին, թե շա՞տ են զինվորական ծառայությունից ազատվողները, ինչպես ժամանակին ասում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, Տոնոյանը նշեց, որ Կառավարության որոշումներով կարգավորվել է այդ հարցը: «Մենք հիմա սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում, որը ևս խնդրահարույց է, մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԶՈՒ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրները կատարելու համար պետք է լինի հպարտություն՝ և՛ ծնողների, և´ այն զինվորականների համար, որոնք իրականում առողջ են: Այն զինվորները, որոնք ունենում են սահմանափակումներ, այս տարվա ընթացքում փորձելու ենք իրենց համար ծառայության այլ միջոցներ գտնել»,-ասաց նա:

Հարցին, թե տեղի՞ն են ՀԿ-ներից մեկի դիտարկումները, թե բանակում կրիմինալ մթնոլորտը շարունակվում է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող բացառել, որ միջանձնային հարաբերություններում չեն լինում այդպիսի դրվագներ, 18-27 տարեկան տղաներ են, ամեն ինչ արվում է, որ իրենց կարգապահությունը բարձրացվի, միջանձնային հարաբերությունների բարձր որակը հաստատվի, բայց լինում են, իհարկե, դեպքեր: Ինչ վերաբերում է կրիմինալին, ապա դրա դեմ պայքար է գնում, չեն լինելու ոչ մի ինքնակոչ առաջնորդներ, այդ իսկ պատճառով և սերժանտական կազմի գործունեությունն ենք բարձրացնում և կրտսեր սերժանտական կազմի»,-ասաց նա: