Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

15:03 • 28.01.19

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը։

Իր խոսքում դեսպան Սադոյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Հայոց բանակը, կազմավորվելով դժվարին ժամանակաշրջանում, անցավ փառավոր ուղի և այժմ համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը։

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Տիգրան Հովհանիսյանն իր հերթին խոսեց Հայոց բանակի կազմավորման, զարգացման ու բանակաշինության հիմքերի մասին, անդրադարձավ ռազմական ոլորտում հայ ժողովրդի հարուստ ավանդույթներին։