500 մմ անձրև՝ մեկ օրում. Ավստրալիայում վերջին 118 տարվա ամենաուժեղ ջրհեղեղներն են (լուսանկարներ)
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում ուժեղ ջրհեղեղներ են: Ինչպես նշում է Daily Mail-ը, Դեյնթրի գետի շրջակայքում գտնվող գյուղերում փակ են ավտոճանապարհները, հորդառատ անձրևների պատճառով տարածքը զրկվել է էլեկտրաէներգիայից և հեռահաղորդակցությունից:
Պարբերականի փոխանցմամբ՝ 118 տարվա մեջ ռեկորդային՝ մեկ օրում տեղացած 500 մմ անձրևի հետևանքով Դեյնթրի գետի մակարդակը մոտ 12,6 մետրի է հասել:
Օդերևութաբանական բյուրոյի աշխատակից Անաբել Ֆորդը հայտնել է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն ևս մի քանի օր:
Նահանգի շատ ավտոճանապարհներ սողանքների հետևանքով փակ են մնում: Քուինսլենդի ոստիկանությունը խստորեն զգուշացրել է վարորդներին չերթևեկել ջրհեղեղի գոտում գտնվող ճանապարհներով:
















